«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

«Ճանապարհի գիրք. այն ճանապարհի, որը պետք է անցնեն մեր ժողովուրդն ու մեր պետականությունը»

«Ճանապարհի գիրք. այն ճանապարհի, որը պետք է  անցնեն մեր ժողովուրդն ու մեր պետականությունը»
20.06.2014 | 11:31

«Իրատես de facto»-ի հյուրը գրականագետ, «Անտարես» հրատարակչատան գլխավոր խմբագիր ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆՆ է: Նրա հետ զրույցն անդրադարձ է Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպին, որը լույս է ընծայել «Անտարեսը»` գրողի մահից շաբաթներ անց, բայց և հասցրել մահվան մահճում հեղինակին հրամցնել գրքի առաջին օրինակները:

«ԽԵՉՈՅԱՆԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԶՄԱԹԻՎ, ԱՐՏԱՔՈՒՍՏ ՏԱՐԲԵՐ ՏԵՔՍՏԵՐՈՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԲՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒՆ ՄԻՏՎԱԾ ԳՐՈՂԱԿԱՆ ԱՐԱՐՔ ԷՐ»


-Արքմենիկ, ընթերցելով «Մհերի դռան գիրքը», այն զգացողությունն ունեցա, որ Լևոնը վերագտել-վերադարձել է «Խնկի ծառեր», «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» գրքերի հունը, որից հեռացել էր, տրվել ստեղծագործական այլ մի երակի «Սև գիրք, ծանր բզեզ», «Հունիսի հինգը և վեցը» գրքերում: Իբրև վեպի մասնագետ ընթերցող` տեսնո՞ւմ եք նման զգացողության իրեղեն հիմքերը, թե՞ դա ընդամենը պետք է որակել իբրև գրական փաստի սուբյեկտիվ ընկալում իմ կողմից:
-Իմ կարծիքով` Լևոն Խեչոյանն ի սկզբանե իր ստեղծագործական հունը գտած ու այն հետևողականորեն շարունակող արձակագիր էր: ՈՒստի նրա պարագայում հեռանալ-օտարվելու և վերադառնալ-վերագտնելու խնդիր չկա: Նույն «Սև գիրք, ծանր բզեզ» վեպը իր ներսյուժետային զարգացումների, գաղափարական ընդհանրացումների մի շերտով «Խնկի ծառերի» ու «Արշակ արքա...»-ի օրգանական շարունակությունն է, նույնը պետք է ասել «Հունիսի հինգը և վեցը» ժողովածուի պատմվածքների մասին: Ընդհանրապես, Խեչոյանի գրականությունը բազմաթիվ, արտաքուստ տարբեր տեքստերով միասնական բնագիր ստանալուն միտված գրողական արարք էր, և պատահական չէ, որ նրա մի շարք պատմվածքներ հետագայում ներհյուսվում էին վեպերին կամ վեպերից արտածվում էին նոր պատմվածքներ: «Մհերի դռան գիրքը» միասնական բնագիր ստանալու այդ օրինաչափության մեջ է, իհարկե, մի փոքր այլ լուծումներով:
-«Մհերի դռան գրքում» կան հատվածներ, որոնք ուղղակի ասոցացվում են Փելեշյանի «Մենք» ֆիլմում գեղարվեստորեն վավերագրված լեռների, հողի շնչառության, Չարենցի «Նավզիկեի» նայադների երգի հետ: Արդյո՞ք արվեստի մեծ գործերն անորսալի կամ գուցե՝ ոչ անորսալի կենսաթելերով սնվում են միևնույն ակունքից, միևնույն հումքից են սերում:
-Իհարկե, սնվում են: Եվ Խեչոյանի այդ վեպը ոչ միայն դրա հավաստումն է ինքնին, այլև, եթե կարելի է այդպես ասել, դրա տեսաբանումը: Ըստ էության, վեպում Փոքր Մհերի որոնումը հենց այդ ակունքի որոնումն է, միևնույն ժամանակ` այդ ակունքը մատնացույց անելու ճիգը` մեր դժվար ժամանակներում հայ գրականության ու մշակույթի ինքնությունը պահելու և դրա միջոցով մեր ազգային ինքնությունը պահելու համար:

«ՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԳԻՐՔ Է ՍՏԵՂԾՈՒՄ, ԽԵՉՈՅԱՆԸ ՎԱՂՈՒՑ ԳԻՏԵՐ, ԵՎ ՎԵՊԻ ՎՐԱ ՏԱՐԻՆԵՐԻ ԴԺՎԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԴՐԱ ՄԱՍԻՆ Է ՎԿԱՅՈՒՄ»


-Լևոնի մոտալուտ մահվան հանգամանքը որքանո՞վ է պայմանավորել վեպի այնպիսին լինելը, ինչպիսին է: Չե՞ք կարծում, որ «Դասախոսի ներկար օրագիրը» գուցե թե վեպում չհայտնվեր, եթե երկրային կյանքի համար մնացած ժամանակը թույլ տար այն ընթերցողին ներկայացնել առանձին ստեղծագործությամբ:
-Անկախ ամեն ինչից, «Մհերի դռան գիրքը» բարձրարժեք գրական երկ է, ճանապարհի գիրք: Իսկ որ ճանապարհի գիրք է ստեղծում, Խեչոյանը վաղուց գիտեր, և վեպի վրա տարիների դժվար աշխատանքը դրա մասին է վկայում: Չեմ կարծում, որ մոտալուտ մահվան զգացողությունը ինչ-որ բան փոխել է վեպում, բայց Խեչոյանին այդ հանգամանքը մղել է գրողական սխրանքի` անպայման ավարտին հասցնել ճանապարհի այս գիրքը: Ես վեպն այդ տեսքով կարդացել եմ նրա մահից մոտ երեք ամիս առաջ, դեռ անտիպ, բնականաբար: Խեչոյանը բարձր տրամադրություն ուներ, որովհետև իր ուզած ձևով ավարտին էր հասցրել վեպը: Իսկ «Դասախոսի ներկար օրագիրը» նրա ոճամտածողությանը բնորոշ տարր է վեպում: Առանց դրա երևի անհնար էլ կլինի վեպը պատկերացնել, որովհետև, ի վերջո, Խեչոյանի նպատակը սոսկ էպոսը, թեկուզ յուրովի, վերապատմելը չէր: Մյուս կողմից` այդ «Օրագրով» Խեչոյանը շարունակում է իր նախորդ վեպերի սկզբունքը: Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ այդ օրագիրը հիմնականում Խեչոյանի «Լրագրողը» պատմվածքն է, որ ներհյուսվել է վեպին:
-Լևոնի հոգեհանգստյան կարգի ժամանակ Հակոբ Մովսեսն ասաց, որ Լևոնը երբեք չդարձավ էստրադային գրող, չստեղծեց էստրադային գրականություն: Կարծում եք՝ սա Լևոնի գիտակցական մղո՞ւմն էր՝ հրաժարվելով ժամանցային, թեթև գրականությունից՝ ապահովել իր տեղը գրականության հավերժական ընթացքում, թե՞ գրելիս, ստեղծագործելիս նման մտքերը չեն զբաղեցնում հեղինակին, և նա ընդամենը ենթարկվում է վերևից եկած հրամանին:
-Լևոն Խեչոյանը քաղաքացի էր` այդ հասկացության ամենաբարձր իմաստով: ՈՒ նաև մեծ հայրենասեր` բառի չհնացող ու իրական իմաստով: Եվ նրա գրականությունը քաղաքացու ու հայրենասերի ստեղծած գրականություն է: Իսկ վերևը նրան տվել էր ամենակարևորը` գրողական բացառիկ տաղանդ` իր ասելիքը, մտահոգությունն ու մտածմունքը գրականությամբ տեղ հասցնելու համար:

«ՄՀԵՐԻ ԴՌԱՆ ԳԻՐՔԸ» ԱՎԵԼԻ ՇԱՏ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂԻ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է, ՈՐՏԵՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱՐՁՐԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐ Է ՎԵՐԱՊԱՀՎԱԾ»


-Լևոնը միշտ ինքնավստահ, իր արածի հանդեպ աներկբա հավատ ունեցող մարդ էր՝ թե՛ գրականության մեջ, թե՛ դրանից դուրս: ՈՒրեմն ինչպե՞ս հասկանալ այս տողերը. «Արդեն ամեն ինչից երևում էր՝ «Մհերի դռան գիրքը» գրելու իմ խելահեղ մտադրությունը չէր իրականանալու: …հինգ-վեց տարվա ընթացքում ազգային վեպը նորից գրելու փորձն ընդամենը ինքնասիրահարված միջակ գրողի նարցիսական ձգտում էր՝ լումա բերել համամարդկային ընդհանուր գործին»:
-Դա ստեղծագործական ներքին տվայտանքների արդյունք է: Գրողական կասկած, որն ուղեկից է բոլոր տաղանդավոր գրողներին մեծ գործերի վրա աշխատելիս: Իսկ որ Խեչոյանն իրոք աներկբա հավատ ուներ` «Մհերի դռան գիրքը» մեր ձեռքին ունենալու փաստը դրա լրացուցիչ վկայությունն է:
-Գարեգին Նժդեհը իր «Բանտային գրառումներում» ներառված «Հայը» խոհագրության մեջ այսպիսի միտք է արտահայտել. «Մհերը` հայկական էպոսի հերոսը, իմա` հայ ժողովուրդը, մերժում է գոյություն ունեցող աշխարհակարգը` լավագույնի պահանջ զգալով»: Ըստ Նժդեհի` հայը «շատ վաղ հայացրեց քրիստոնեությունը: Հայկականությունն է հայու ճշմարիտ կրոնը»: «Մհերի դռան գիրքը» կառուցված է այսպիսի մտածողության վրա: Կարելի՞ է ասել, որ սա ազգի ճակատագիրը ոչ միայն գրչով, այլև զենքով վճռողների մտածողություն է:
-«Մհերի դռան գիրքը» ավելի շատ վճռականություն ունեցողի մտածողությունն է, որտեղ մշակութային բարձր գիտակցությանը չափազանց կարևոր դեր է վերապահված: Եթե ժողովուրդը մշակութային բարձր գիտակցություն չունի, ապա ի՞նչ պետք է անի զենքով: Այն պետք է զենքը ճիշտ օգտագործելու համար: Խեչոյանի վեպը մեզ ճանաչելու հորդոր է, մեր պատմությունը, մեր տեսակը, Աստծուց ընտրված լինելու մեր բացառիկությունը ճանաչելու հորդոր է:
-Երազի, ավանդույթի, հեքիաթի ու ազգային վեպի պատկերների մղձավանջային հերթագայությունների մեջ Լևոնի հերոսն ինքն իրեն սկսում է իրականությունից դուրս ընկալել, մտածել, թե. «…արծաթափայլ գետերի ու լճի, ներքևում փռված մի քանի գյուղերի հետ Մհերն էր ինձ իր երազում տեսնում»: Հայ ազգը հակված է երազի ու իրականության տիրույթները չտարորոշելո՞ւ, իրական Ագռավաքարը առասպելի վերածելու վարքի՞ն, թե՞ սա սոսկ գեղարվեստական գրականությունն ավելի գրավիչ դարձնելու գրողական հնարանք է, գրելաոճ:
-Մի կողմից` դա Խեչոյանի ոճամտածողությանը բնորոշ հատկանիշ է, մյուս կողմից` վկայությունն այն բանի, թե որքան խոր էր նա ընկալել ու ներկայացրել միֆն ու առասպելական մտածողությունը, առասպելական ժամանակը: Առասպելական ժամանակում, կամ այսպես ասած, նախաժամանակում չկա երազ, չկա հեքիաթ, փոխաբերություն չկա: Այն, ինչ մեզ այդպիսին է թվում, առասպելական ժամանակում տեսած իրականությունն է: Խեչոյանը, ահա, այդ իրականության մասին է պատմում, իրականություն, ուր պայմանականություններ չկան, ենթատեքստեր չկան, բաց գիրք է, կարդա՛: Խեչոյանի վեպն էլ այդ սկզբունքով կարդալն է ամենակարևորը, որպեսզի ընկալենք այն, ինչ ուզեցել է նա ասել:
-Այսօր արդեն ժամանա՞կն է հստակ կանխորոշելու, թե ինչ տեղ է վերապահված «Մհերի դռան գիրքը» վեպին հայ գրականության համաժամանակյա հոլովույթում:
-Անկասկած, կարևոր տեղ, բայց հստակության առումով` չէ: Ես ցավում եմ, որ Խեչոյանը այժմ մեզ հետ չէ, ցավում եմ նաև այն բանի համար, որ նրա մահը որոշակի այլ վերաբերմունք է պայմանավորում «Մհերի դռան գիրքը» վեպի հանդեպ: Այնինչ, այդ գիրքը պետք է սթափ կարդալ, սթափ ու գիտակից արժևորել, առանց որևէ դրդառիթի, նույն համառությամբ, համբերատարությամբ ու տքնանքով, ինչպես Խեչոյանն է վեպը գրել: Ինչպես վերևում ասացի, դա ճանապարհի գիրք է, այն ճանապարհի, որը պետք է անցնեն մեր ժողովուրդն ու մեր պետականությունը: Այդ պատասխանատվությամբ է գրված «Մհերի դռան գիրքը», և այդ պատասխանատվությամբ պետք է անդրադառնալ ու գնահատել այն: Իսկ հենց հիմա վերջնական արժևորումը անպատասխանատու քայլ կարող է լինել:

Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2888

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ